Գործակալություն
Հաճախ տրվող հարցեր
Անշարժ գույքի գործարքների իրավական կողմը Հայաստանում՝ սեփականություն, նոտար, ժառանգություն, վարձակալություն։
Սեփականություն և իրավունքներ
Կարո՞ղ է օտարերկրացին անշարժ գույք գնել Հայաստանում։
- Այո, օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում կարող են ձեռք բերել բնակարաններ, տներ, կոմերցիոն տարածքներ և այլ անշարժ գույք։
- Միակ սահմանափակումը գյուղատնտեսական նշանակության հողերն են, որոնց նկատմամբ օտարերկրացիները չեն կարող ունենալ սեփականության իրավունք (կարող են միայն վարձակալել)։
Ի՞նչն է համարվում անշարժ գույք։
Հողամասերը, ընդերքի մասերը, առանձին ջրային օբյեկտները, անտառները, շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույք, որոնց անջատումն առանց դրանց կամ հողամասի նշանակությանն անուղղելի վնաս պատճառելու անհնար է։
Ի՞նչ տարբերություն բաժնային և համատեղ սեփականության միջև։
- Բաժնային սեփականություն։ Ամեն սեփականատեր ունի հստակ որոշված բաժնեմաս (օրինակ՝ 1/2, 1/3 մաս)։ Սեփականատերը կարող է իր բաժինը տնօրինել (վաճառել, նվիրել)՝ պահպանելով մյուս սեփականատերերի նախապատվության իրավունքը։
- Համատեղ սեփականություն։ Գույքը պատկանում է բոլոր սեփականատերերին միաժամանակ առանց հստակ բաժինների (օրինակ՝ ամուսինների համատեղ գույքը)։ Գործարքների համար անհրաժեշտ է բոլորի համաձայնությունը։
Ինչպե՞ս է բաժանվում ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը։
- Ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը համարվում է ամուսինների համատեղ սեփականություն և բաժանման դեպքում կիսվում է հավասարապես (50/50), եթե այլ բան նախատեսված չէ ամուսնական պայմանագրով։
- Բաժանման ենթակա չէ այն գույքը, որը կողմերից մեկը ստացել է մինչ ամուսնությունը, կամ ամուսնության ընթացքում՝ նվիրատվությամբ կամ ժառանգությամբ
Գործարք և նոտար
Ինչպե՞ս է կատարվում անշարժ գույքի վաճառքը։
Կողմերը համաձայնեցնում են պայմանները, ստուգվում են փաստաթղթերը և սահմանափակումները, պայմանագիրը վավերացվում է նոտարի մոտ, ապա իրավունքի փոխանցումը գրանցվում է Կադաստրում։
Ո՞րն է նոտարի դերը։
Նոտարը ստուգում է կողմերի ինքնությունը, իրավունակությունը, փաստաթղթերի օրինականությունը, գույքի նկատմամբ սահմանափակումների (կալանք, գրավ) առկայությունը և վավերացնում է գործարքի պայմանագիրը։
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։
- Կողմերի անձնագրերը և սոցիալական քարտերը։
- Սեփականության վկայական (գրանցման վկայական)։
- Միասնական տեղեկանք Կադաստրից (գույքի նկատմամբ սահմանափակումների բացակայության մասին)։
- Հարկային պարտավորությունների բացակայության մասին տեղեկանք (համայնքապետարանից/տեղական ինքնակառավարման մարմնից)։
- Ամուսնության վկայական (եթե գույքը համատեղ սեփականություն է)։
Ի՞նչ տարբերություն կտակի և նվիրատվության միջև։
- Նվիրատվություն։ Սեփականության իրավունքը նվիրառուին է փոխանցվում անմիջապես պայմանագրի կնքման և Կադաստրում գրանցման պահից (կենդանության օրոք)։
- Կտակ։ Սեփականության իրավունքը փոխանցվում է միայն կտակարարի մահվանից հետո, և կտակարարը կարող է ցանկացած պահի փոխել կամ չեղարկել այն։
Վարձակալություն և այլն
Ինչպե՞ս է կնքվում բնակարանի վարձակալության պայմանագիրը։
Կնքվում է գրավոր պայմանագիր տանտիրոջ և վարձակալի միջև։ Եթե ժամկետը գերազանցում է 1 տարին, պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման և Կադաստրում պետական գրանցման։ Պայմանագրում նշվում են վարձավճարի չափը, վճարման ժամկետները, կոմունալ վճարների կարգը և պայմանագրի լուծման պայմանները։
Ի՞նչ է հիփոթեքը։
Հիփոթեքը անշարժ գույքի գրավադրմամբ տրամադրվող նպատակային վարկ է (սովորաբար երկարաժամկետ)։ Գույքը մնում է փոխառուի (գնորդի) սեփականությունը, սակայն գրավադրվում է բանկում՝ որպես վարկի վերադարձման ապահովման միջոց։
Ի՞նչ է սերվիտուտը։
Սերվիտուտը ուրիշի հողամասից կամ այլ անշարժ գույքից սահմանափակ օգտվելու իրավունքն է (օրինակ՝ անցուդարձի, ջրամատակարարման, էլեկտրագծերի անցկացման կամ այլ կարիքների համար)։
Ո՞րն է հայցային վաղեմության ժամկետը։
Հայցային վաղեմությունը ժամանակահատվածն է, որի ընթացքում անձը կարող է դիմել դատարան իր խախտված իրավունքները պաշտպանելու համար։ Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքով սահմանված ընդհանուր հայցային վաղեմության ժամկետը 3 տարի է (որոշ հատուկ պահանջների համար կարող են սահմանվել այլ ժամկետներ)։
Պատասխանները տեղեկատվական բնույթ ունեն և չեն փոխարինում իրավաբանական խորհրդատվությանը։
Գործակալություն
Կպատասխանենք աշխատանքային օրվա ընթացքում։ Կկազմակերպենք դիտում, կստուգենք փաստաթղթերը և կուղեկցենք գործարքը մինչև Կադաստրում գրանցումը։